Համաշխարհային էներգետիկ ճգնաժամի ներկայիս իրողությունների պայմաններում, թերևս, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ արևմտյան մամուլն ավելի հաճախ է անդրադարձ կատարում Սաուդյան Արաբիայի երբեմնի նավթային արդյունաբերության նախարար, շեյխ Յամանիի հայտնի արտահայտությանը։ 1970-ական թվականների էներգետիկ ճգնաժամի ժամանակ նա ՕՊԵԿ-ի իր գործընկերներին նախազգուշացրեց առ այն, որ նավթի գները շարունակ բարձրացնելով` նրանք նպաստում են ոչ նավթատեր երկրների կողմից էներգիայի այլ աղբյուրների ստեղծմանը՝ դրանով իսկ մորթելով ոսկե ձվեր ածող նավթային հավիկը։ «Մի մոռացեք, որ քարե դարը չավարտվեց լոկ այն պատճառով, որ քարանձավային մարդկանց տրամադրության տակ եղած քարերը վերջացան»,- նշել էր շեյխ Յամանին։ Վերոհիշյալ իմաստուն դիտարկումն առարկայական է նաև այսօր։
Նկատենք, սակայն, որ մերօրյա քաղաքական գործիչներից ոչ բոլորն են ականջալուր վերոհիշյալ իմաստությանը։ Հատկապես նրանք, ովքեր շատ են ոգևորված նավթի համաշխարհային գների աճով և «էներգետիկ մահակը» համարում են ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարցերի լավագույն լուծում։ Եվ այդ համատեքստում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի վերջին երեք արտերկրյա այցերը վճռորոշ էին հենց նավթագազային շահերի տեսակետից։ Մերձկասպյան տարածաշրջանով մեկ Ռուսաստանի ղեկավարի շրջայցը սկզբում Բաքու, այնուհետև Աշգաբադ և Աստանա, բնականաբար, պատահական չէր։ Քանզի հենց Ադրբեջանի, Թուրքմենստանի և Ղազախստանի մասնակցությունն է որոշիչ լինելու Տրանսկասպյան գազամուղի կառուցման հարցում, որն իբրև նախագիծ նախատեսված է Ռուսաստանը շրջանցող ճանապարհով արևմտյան սպառողներին էներգակիրներ մատակարարելու համար, ինչը չափազանց անցանկալի է Մոսկվայի համար։
Ռուսական ընկալմամբ այս հարցի լուծումը խիստ հրատապ է, և ակնհայտորեն ուրվագծվում է էներգետիկ շուկաներում գերակա դիրքերը պահպանելու Ռուսաստանի ցանկությունը։ Եվ թեկուզ Մոսկվայի համար այսօր խաղաքարտի վրա են դրված ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական կարևոր խնդիրներ, մտահոգություն է հարուցում այն հանգամանքը, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է վերածվել մանրադրամի՝ ավելի «գլոբալ շահերի» բավարարման համար։ Իսկ այդ շղթայում Ռուսաստանի նախագահի առաջին այցը Բաքու տեղի ունեցավ ոչ միայն ելնելով աշխարհագրական նպատակահարմարությունից, այլև նկատի ունենալով Ադրբեջանի հատուկ հետաքրքրությունը և դերակատարությունը Կասպից ծովի տակով Տրանսկասպյան գազամուղի կառուցման գործում։ Նկատի ունենանք, որ Ադրբեջանի նախագահն արդեն բազմիցս հայտարարել է, թե հասել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ժամանակը։ Ռուսաստանի նախագահի՝ Բաքու կատարելիք այցի նախօրեին ադրբեջանական քաղաքական գործիչներն ու քաղաքական վերլուծաբանները միասնական երգչախմբով կարծիք էին հայտնում, որ ռուսական կողմն ադրբեջանական գազի պաշարները գնելու հարցում Բաքվին կարող է շահագրգռել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ադրբեջանանպաստ ծրագիր ներկայացնելով։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, Ռուսաստանը գազային ոլորտում համագործակցության չի կարող հասնել առանց հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ լուրջ առաջարկների փաթեթ ներկայացնելու։ Եվ իսկապես էլ, ղարաբաղյան հիմնահարցը Մեդվեդև-Ալիև բանակցություններում դարձավ առանցքային, իսկ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված բարեկամության և ռազմավարական գործընկերության հռչակագրում հատուկ ընդգծված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը՝ սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։
«Կողմերը պետք է նպաստեն փախստականների կամավոր և արագ վերադարձին իրենց բնակության վայրերը, նույնը վերաբերում է կոնֆլիկտների արդյունքում տեղափոխված անձանց»,- նշված է վերոհիշյալ հռչակագրում։ Միաժամանակ արժե ընդգծել, որ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Ռուսաստանի նախագահը կարծիք հայտնեց, թե կա առաջընթաց հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, և «Ռուսաստանն այդուհետ էլ նպաստելու է փոխադարձ ընդունելի, փոխզիջումային լուծման որոնմանը»։ Իր հերթին Ադրբեջանի նախագահը շնորհակալություն հայտնեց ռուսաստանցի գործընկերոջը՝ ղարաբաղյան հարցում դրսևորած դիրքորոշման համար, որ արձանագրված է համատեղ հռչակագրում։ Ըստ Ալիևի. «Այնտեղ ասվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի ԱԽ և ԵԱՀԿ բանաձևերի, ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»։
Մի կողմ թողնենք այս հանգամանքը, ինչպես նաև այն, թե որքանով են կառավարելի Հայաստանը և ԼՂՀ-ն այս կապակցութամբ. սա Կրեմլի համար այնքան էլ ցանկալի խոսակցության թեմա չէ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի Ադրբեջան կատարած այցի հիմնական գաղափարին, ապա դրա ենթատեքստում հենց ռուսական էներգետիկ հետաքրքրությունների գերակայությունն ապահովելն էր և Արևմուտքի հետ կնքված համաձայնագրերի անտեսմանը հասնելը։ Մի խնդիր, որի լուծմանը Ռուսաստանի նոր ղեկավարին առնվազն այսօր հասնել չհաջողվեց։ Թեկուզ և այցի արդյունքները կողմերը գնահատեցին դրական, բայց նավթագազային ոլորտում համագործակցության առումով որևէ սենսացիոն պայմանավորվածություն չկայացավ։ Որքան էլ Մեդվեդևը հայտարարեց, թե Ադրբեջանը Կովկասում Ռուսասատնի ռազմավարական գործընկերն է, և միաժամանակ հույս հայտնեց, որ համագործակցությունն էներգակիրների առևտրի ոլորտում մոտ հեռանկարի կտրվածքով սկսի զարգանալ, Ալիևն իր հերթին բավարարվեց Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները բնութագրելով իբրև «ռազմավարական, բարեկամական և բարիդրացիական»։ Ադրբեջանական վերլուծաբանները ոչ միանշանակ գնահատեցին Ռուսաստանի նախագահի այցը, արձանագրելով, որ ոչ մի կարևոր համաձայնագիր էներգետիկ ոլորտում չի ստորագրվել, և Ռուսաստանի նախագահին չհաջողվեց կարևորագույն հարցերում հասնել Բաքվի դիրքորոշման արմատական փոփոխության։ Նույնիսկ չի հաջողվել համաձայնության հասնել ԱՊՀ կառույցներում Ադրբեջանի գործունեության ակտիվացման առնչությամբ, և, ըստ այդմ, ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող ընդհանուր տեսակետը հետևյալն է. ստորագրված փաստաթղթերը սկզբունքորեն զուտ ձևական նշանակություն ունեն։
Անշուշտ, ենթադրվում էր, որ Ռուսաստանի նոր ղեկավարը փորձելու է Բաքվին համոզել հրաժարվել Տրանսկասպյան գազամուղի նախագիծը Կասպից ծովի տակով Թուրքմենստանից դեպի Ադրբեջան իրագործելուց, ինչպես նաև Ադրբեջանի նախագահից խոստում վերցնել, որ Բաքուն ընդառաջ չի գնա Արևմուտքի ցանկություններին այդ հարցում։ Ավելին, Մեդվեդևը խնդիր ուներ պաշտոնական Բաքվի համաձայնությունը ձեռք բերել «Գազպրոմի» վերջերս հնչեցրած առաջարկի կապակցությամբ, որ Ադրբեջանը համաձայնի ռուսական էներգետիկ գիգանտին վաճառել «Շահդենիզ» գազի շահագործման հանքավայրի ամբողջ պաշարը երկարաժամկետ պայմանագրով։ Սակայն մինչև Ռուսաստանի նախագահի ինքնաթիռի վայրէջք կատարելը Բաքվի օդանավակայանում, ադրբեջանական լրատվամիջոցներից պարզ դարձավ, որ «Շահդենիզի» ծրագրի մասնակից արևմտյան ընկերությունները չեն պատրաստվում «Գազպրոմը» դիտարկել իբրև հանքավայրի պաշարների հիմնական գնորդ։ Այդ նախագծի իրականացման կոմերցիոն օպերատոր ընկերությունը հայտարարեց, որ «Շահդենիզի» պաշարները մղվելու են ոչ թե ռուսական շուկա, այլ «Նաբուկո» նախագծի մեջ մտնող Բաքու-Էրզրում գազամուղով դեպի Հունաստան, իսկ այնտեղից էլ` Իտալիա։ Վերլուծաբանների մեծամասնության կարծիքով, Ադրբեջանն արդեն իսկ իր տրամադրության տակ ունի Ռուսաստանը շրջանցող էներգակիրների արտահանման համակարգ՝ ի դեմս Բաքու-Ջեյհան նավթամուղի և Բաքու-Էրզրում գազամուղի և, ըստ այդմ, հազիվ թե գնա ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման։ Նկատի ունենանք նաև այն, որ Մեդվեդևի Բաքու կատարած այցի նախօրեին Բաթումիում տեղի ունեցավ ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ երկրների հերթական գագաթաժողովը, որն անցավ «ՎՈՒԱՄ-ը միավորում է Եվրոպայի արևելքը» կարգախոսով։ Գագաթաժողովի հիմնական նպատակն էր էներգետիկ և տրանսպորտային տարածաշրջանային նախագծերում կազմակերպության անդամ երկրների միջև համագործակցության խնդիրների քննարկումը։ Այդ նպատակով Վրաստան էին ժամանել նաև Լեհաստանի, Լիտվայի, Ռումինիայի նախագահները, մասնակցեցին Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Լատվիայի և Էստոնիայի բարձրաստիճան ներկայացուցիչները։ Այսինքն, Ադրբեջանի իշխանությունների համար ինչպես ֆինանսական, այնպես էլ քաղաքական համագործակցության առումով շատ գրավիչ հնարավորություն էր ստեղծված։ Եվ թեկուզ Ադրբեջանի նախագահն իրեն բնորոշ արևելյան երկերեսանիությամբ ընդամենը մեկ օր անց իր ռուս գործընկերոջը հավաստիացնում էր, թե իրենք պատրաստ են քննարկելու «ռուսական գրավիչ առաջարկությունները», արդեն վաղուց հայտնի է, որ ինչպես ինքը, այնպես էլ հատկապես նավթագազային ոլորտի զարգացումը համակարգող իր կինը, պետականից բացի շատ լավ կարողանում են կանխատեսել նաև անձնական օգուտները։
Վերն ասվածից հետո արժե թերևս արձանագրել, որ Մոսկվան հերթական անգամ «ոսկե հորթի» հետևից ընկնելով, ինչպես նաև ցանկանալով ստանձնել էներգետիկ ոլորտում հեգեմոն հանդիսացող պետության խիստ խնդրահարույց դերակատարությունը, կարող է այդ անզուսպ ձգտման մեջ սպեկուլյացիա սկսել ռազմավարական գործընկեր Հայաստանի ազգային և կենսական շահերի շուրջ։ Եվ դրանով իսկ վտանգել ավելի կարևոր ու երկարաժամկետ շահերը։ Հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանում այսօր արդեն քիչ չէ բնակչության այն զանգվածը, որը խիստ դժգոհ է Մոսկվայի քաղաքականությունից, և այդ միտումը գերիշխող կդառնա, եթե Կրեմլը սկսի առաջնորդվել «իսկ ո՞ւր են նրանք փախչելու» ավանդական ռուսական մոտեցմամբ։ Փախչելու տեղ, ցանկության դեպքում, կարելի է գտնել։ Եվ որպես վերջաբան հիշեցնենք լոնդոնյան «Թայմսի» տնտեսական փորձագետների կանխատեսումը. «Եթե նավթի գները մնան մեկ բարելի դիմաց 100 դոլարի սահմաններում, գների մեխանիզմը և ժողովրդական տնտեսության գոյատևման քաղաքատնտեսական օրենքները կհանգեցնեն նրան, որ «նավթային դարը» կավարտվի շատ ավելի շուտ, քան կսպառվեն նավթի համաշխարհային պաշարները»։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ